Բալասանյանին ստիպել են հրաժարական տալ. Փաշինյ...

Օրերս մենք գրել էինք, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում Արցախի իշխանություններին և շաբաթներ առաջ նրանց անգամ դավադիր պատերազմ հրահրելու մեջ մեղադրեց։

Այսօր լրատվամիջոցներից մեկը հայտնեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել: Բակո Սահակյանն իր առաջարկությունը հիմնավորել է` նշելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է:

Մեզ հաջողվել էր որոշակի մանրամասներ ճշտել Արցախում տեղի ունեցած քննարկումներից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարության ֆինանսական աջակցության դիմումները։ Հայաստանի կառավարությունից հասկացրել են, որ փող չի լինի, քանի դեռ Վիտալի Բալասանյանը շարունակում է պաշտոնավարել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

Մեր կողմից հրապարակված տեղեկատվության հերքման գործին լծվեցին Արցախի իշխանություններին մոտ կանգնած գործիչները: Նրանք փորձում էին ստեղծել տպավորություն, որ Արցախի իշխանություններին անհնար է ճնշել ու Հայաստանի ներկա իշխանությունները չեն որոշել աշխատանքից ազատել Վիտալի Բալասանյանին, և որ դա նախապես պլանավորած է եղել Արցախում:

Քարոզչական այս արշավի հեղինակները, սակայն, չէին նկատել Վիտալի Բալասանյանի` երեկ ուշ երեկոյան արած հայտարարությունը: Նա մասնավորապես «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ չի պատարստվում հրաժարական տալ: Չնայած այս պնդումներին Բալասանյանը առավոտյան աշխատանքից ազատման դիմում է գրում, ինչը հուշում է ճնշումների մասին:

Արցախի մեր աղբյուրները որոշակի մանրամասներ փոխանցեցին Արցախում կատարված իրադարձություններից: Ըստ մեր աղբուրների` Արցախի իշխանական ողջ վերնախավը երեք օր շարունակ բանակցությունների մեջ է եղել Վիտալի Բալասանյանի հետ: Նրան խնդրել են հրաժարական տալ, քանի որ հակառակ պարագայում` Հայաստանի կառավարությունը խոստացել է խնդիրներ ստեղծել Արցախի համար: Բալասանյանը երեկ երեկոյան կտրուկ մերժել է իր հետ բանակցողներին և դրանից հետո խոսել լրատվամիջոցների հետ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն դրանից հետո Հայաստանից եկած կոշտ արձագանքը ի վերջո Բալասանյանին բերել է այն համոզման, որ պետք է հրաժարական տա: