Բացահայտվել է թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաս...

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պռեկուրսոր  ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18:45-ից մինչև 18:55-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային միկրոավտոբուսի սրահում քաղաքացու պայուսակից հափշտակել  է  դրամապանակը, ոսկյա զարդ և բանկային քարտ՝ պատճառելով զգալի չափերի արժողությամբ գույքային վնաս:

          Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1.1 մասով:

          Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1973թ-ին:

           Վերջինս բերման է ենթարկվել և անձնական խուզարկության ժամանակ նրա գրպանից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութեր, որոնց բնույթը պարզելու համար նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

          Փորձագետի եզրակացության համաձայն` հիշյալ նյութերը հանդիսանում են «քացախաթթվի  անհիդրիդ»  և  «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցներ:

            ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

           Որոշում է կայացվել` հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:

           Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1.1 կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

                Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին