
«Ահազանգ» նախաձեռնության անդամները երեկ հավեր էին բերել Ազգային ժողովի բակ, այդպիսով՝ իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման:
«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով»,-ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Politik.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը ասաց, որ ակցիան` Ազգային ժողովում հավերին բաց թողնելը, նպատակ էր հետապնդում օրակարգ դարձնել հարկային օրենսգրքի փոփոխությունները և ստիպել խոսել դրա անհրաժեշտության մասին.
«Կառավարությունը առաջարկել է այդ նախագիծը, որը քննարկվում է մասնագիտական շրջանակներում, և չկա հանրային դիսկուրս: Մենք ուզում ենք այս թեման օրկարգ դարձնել, քանի որ 65 տոկոսը կազմող մարդիկ, ովքեր տուժելու են այդ նախագծի ընդունումից մեծամասամբ տեղյակ չեն և չեն քննարկում այս թեման: Կառավարությունն այս նախագիծը ներկայացնում է որպես բարձր աշխատավարձներ ստանալուն միտված նախագիծ, և դրան դեմ արտահայտվողներին ասում են, որ նրանք չեն ուզում մարդիկ բարձր աշխատավարձ ստանան: Մինչդեռ խոսք չկա այն մասին, որ 65 տոկոսի կենսապայամները վատանալու են միայն նրա համար, որ բարձր եկամուտներ ունեցողների կենսապայմաններն ավելի լավանան: Այսինքն` քողարկում են, մանիպուլյացիա են անում, այլ կերպ ասած` «հավի տեղ են դնում», մինչդեռ իրական միտումներն այլ են»:
Քրիստինե Վարդանյանի հավաստմամբ` դատելով լրատվականների արձագանքից կարող է ասել, որ ինչ-որ չափով հասել են իրենց նպատակին, քանի որ հիմա թեման ավելի քննարկվող է, քան նախքան ակցիան իրականացնելը: Կուսակցություններից դեռ արձանքներ չեն ստացել: