
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է սահմանել, որ ծխախոտ կարող է վաճառվել 21 տարին լրացրած անձանց՝ գործող 18-ի փոխարեն։
Արշակյանն այս մտադրության մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում տեղադրված տեսանյութով:
Արշակյանը նախ ընդգծեց ծխելու վատ սովորույթն արմատախիլ անելու կարևորությունը:
«Մինչև 18 տարեկան երիտասարդներին ծխախոտի վաճառքն արգելված է: Ես առաջարկում եմ այդ շեմը դարձնել մինչև 21 տարեկան: Շատ երկրներում է այդպես: Օրինակ, եթե դու ԱՄՆ-ում ցանկանաս ծխախոտ գնել, և 21 տարեկանդ չի լրացել, չես կարող»,-ասաց Արշակյանը:
Նա շեշտեց՝ մեծ կարևորություն է պետք տալ այդ հարցին:
«Երիտասարդը պարտադիր զինվորական ծառայության է անցնում 18 տարեկանից: Եվ, ընտանիքներից հեռու գտնվելով, միջավայրից հեռու գտնվելով, կարոտից, երբեմն մյուսների օրինակին հետևելու սովորությունից ելնելով՝ սկսում են ծխել: Դա շատ վատ է: Իմ կարծիքով՝ մենք պետք է հայտարարենք, որ զորանոցների, համալսարանների տարածքներում մինչև 21 տարեկաններին արգելվում է ծխախոտի վաճառքը, ընտանիքներն էլ չեն կարող ծառայողին ծխախոտ բերել»,-նշեց նա:
ԱԺ փոխնախագահը հորդորեց քաղաքացիներին հայտնել իրենց տեսակետներն այս առաջարկի վերաբերյալ: