Այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և  էա...

Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։ 

Զեկույցի հեղինակներն մատնանշել են այն քայլերը և գործողությունները, որոնք Եվրոպական Միությունը պետք է իրականացնի՝ հաշվի առնելով Հայաստանի համար առկա խնդիրներն ու սպառնալիքները։ 

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և  էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի Հանրապետությանը։ Զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: 

Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: 
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, ասվում է փաստաթղթում։