
Հովիկ Աղազարյանի հեռախոսի անձնական տվյալները դարձան հանրության քննարկման առարկա. դա արդյոք նախաքննական գաղտնիքի բացահայտում դուք համարում եք թե՞ ոչ, որովհետև նախաքննության ընթացքում էր հեռախոսային խոսակցությունները և հեռախոսի պարունակությունը հասանելի դարձել իշխող թիմին, որոնք հանրայնացրեցին և պատգամավորի անձնական դաշտ մտան: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
«Այդ մասով ևս դուք որևէ վարույթ կարծեք թե չեք հարուցել, այսինքն չկա՞ր հանցակազմ»,- հարցրեց պատգամավորը:
Աննա Վարդապետյանը հավաստիացրեց, որ հեռախոսային տվյալները, որ կան գործում, մեկ այլ վարույթով են ձեռք բերվել. «Հատկապես կարևոր գործերի վարչությունում քննվող խոշտանգման հետ կապված լրիվ ուրիշ, վստահ եմ ձեզ անհայտ վարույթով ձեռք բերված տվյալներ են, որոնք խուզարկության արդյունքում են հայտնաբերվել, զննվել են և հանդիսանում են նաև սույն գործով ապացույց։ Սա լրիվ ուրիշ, երրորդ անձի վերաբերյալ գործ է, որի հեռախոսի մեջ հայտնաբերվել էր Արամ անունով անձի տեսագրությունը, որտեղ մանրամասն պատմվում էր երկրորդ դրվագով՝ շենքի հետ կապված»,ասաց դատախազը:
Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Ես հետաքրքրվում էի Հովիկ Աղազարյանի հեռախոսային խոսակցության բովանդակության մասին, որ այս գործի շրջանակներում նա գնացել էր քննչական ծառայություն, առգրավել էին հեռախոսը, հետո այդ հեռախոսային խոսակցության պարունակությունը, Ազգային Ժողովի նախագահը, ֆրակցիայի ղեկավարը և մյուս անդամները սկսեցին հանրայնացնել։ Դա մարդու անձնական տվյալի տիրապետում և հրապարակում չէ՞: Այդ մասով դուք չեք հարուցել վարույթ կամ այդ այդ հարցը ձեր ուշադրությունից ինչո՞ւ է վրիպել, որովհետև ակնհայտորեն այս գործի շրջանակներում Հովիկ Աղազարյանի հեռախոսային խոսակցությունների, նամակագրությունների բովանդակությունը դարձավ հանրության քննարկման առարկա, ինչը գաղտնիության տեսանկյունից և անձնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է»,-ասաց նա:
Թեմային անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Որևիցե մեկը բովանդակություն չի հրապարակել, և եթե դուք նման բովանդակության ծանոթ եք և այդպես պնդում եք անում, ես առաջարկում եմ այդ բովանդակությունից մեկ-երկու օրինակ բերեք, որ ես, քանի որ իմ վրա հղում արեցիք, կամ որևիցե պատգամավոր բովանդակություն է հրապարակել։ Խնդրում եմ նման հայտարարություն անելուց զգույշ լինել»: