Ավինյանը կարող է հեռանալ Փաշինյանի թիմից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ամուլսարի հարցով անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ․«Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Վարչապետի այս գրառումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․«․․․Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։ Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ, դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտնվելն էր։ Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմնված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։ Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»,- գրել է Ավինյանը։ 

Իհարկե, Ավինյանը խոսել է համաժողովրդական կոնսենսուսի մասին, բայց իրականում ակնարկում է ներթիմային կոնսենսուսի բացակայության մասին։ Իսկ եթե ավելի կոնկրետացնենք, ապա պետք է արձանագրենք, որ կոնսենսուս չկա վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի միջև։

Ինչպես մամուլում տասնյակ անգամներ պնդել են բնապահպանները, Ավինյանը հանքի շահագործման կողմնակից է։ Փաշինյանն էլ դեմ չէր լինի, որ հանքը շահագործվեր, քանի որ տնտեսություն մեծ փողեր կմտնեին, և իրավիճակը կարող էր կտրուկ փոխվել, բայց Փաշինյանն, ի տարբերություն Ավինյանի, չի կարող առանց փողոցի աջակցության։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ հենց  փողոցն է Փաշինյանին դարձրել վարչապետ, և նա հենց փողոցին է պարտական իր դիրքով։ Փողոցը նաև Փաշինյանի հիմնական հենարանն է եղել այս ընթացքում՝ դատարանների շրջափակումը վկա։

Փոխվարչապետի և վարչապետի միջև կոնսենսուսի բացակայությունը կարող է առաջիկայում բերել նոր քաղաքական զարգացումների։ Տիգրան Ավինյանը կարող է հեռանալ Փաշինյանի թիմից և իր սեփական թիմը հիմնել։ Ի վերջո, մամուլում մի քանի անգամ գրվել է, որ Ավինյանը իր սեփական ծրագրերը ունի։