Ավելի անհաջող ընտրություն չէր կարող լինել. Մա...

Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի՝ Ռուբեն Վարդազարյանը: Նոր անդամներով համալրված ԲԴԽ-ն ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը»: «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով՝ ոչ:

«Շատ անհաջող ընտրություն էր, և որևէ բան չի փոխվել: ԲԴԽ-ն քրեականացվեց, և, գոնե ինձ համար, չի կարող այլևս վստահություն ունենալ»,-այսօր ասաց Պողոսյանը՝ «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկման ընթացքում:

«Մինչև չեկավ հետինը, չի հիշվի առաջինը: Երևի ավելի անհաջող իրավիճակ, իմ պատկերացմամբ, չէր կարող լինել: Մենք բոլորս Ռուբեն Վարդազարյանի քաջագործություններից տեղյակ ենք: Ինձ համար շատ ցավալի է, որ նոր իրողության մեջ մի դատավոր, ով եղել է կլանայնության կրողներից մեկը, դարձել է ԲԴԽ նախագահ լինել: Նա եղել է այն դատավորներից, որ առաջինը պետք է վեթինգի ենթարկվեր»,-նշեց իրավապաշտպանը: 

Պողոսյանը կարծիք հայտնեց, որ սա, գուցե, հետաքրքիր քայլ է, և ընտրվել են այն դատավորները, որ հենց իրենց ընտրությունից հետո ինքնամաքրվեն: «Վարդազարյանն ակնհայտ այն դատավորն է եղել, որը հայտնի է եղել օպոզիցոն հայացքներ ունեցող և ռեժիմին տհաճ մարդկանց գաղտնալսելով, և հետո, երբ հարկ է եղել, Վարդազարյանը հետին թվով որոշում է կայացրել՝ դրանք օգտագործելով»,-ասաց Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ իր հայտարարությունները կարող են ընկալվել որպես հանցագործության մասին հաղորդում, ապա ավելացրեց, որ հենց ինքն է պատրաստվում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի կատարածների վերաբերյալ և ունի դրանք ապացուցող փաստաթղթերի մեծ տրցակ: