«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն...

Երեկ՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի: Գրել է «Շամշյանը»։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ն.-ն է:

Ըստ բժիշկների հայտնածի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հատվածում դանակահարված» անգիտակից վիճակում, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ:

Ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: