Ատոմակայանը կարող է փակվել

2026 թ-ին Հայաստանի գործող ատոմային բլոկը շահագործման մեջ կլինի արդեն 40 տարի: Նախատեսվում է շահագործման ժամկետը երկարեցնել ևս 5-10 տարով: Այսինքն՝ 2026 թ. հետո համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը:

Մանրամասները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ հիշեցնելով, որ 2015-2016 թթ. «Ռոսատոմի» հետ միջկառավարական համաձայնագիր կար և ռուսական վարկի միջոցով սկսվել է գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը՝ 10 տարվա հեռանկարով: Եվ շահագործման ժամկետները պատրաստվում են երկարեցնել՝ հաշվի առնելով մյուս երկրների փորձը:

Ժամկետի չերկարաձգման ռիսկերի մասով նա ասաց, որ ամեն դեպքում տեխնոլոգիական պրոցես է և ռիսկի գործոնը կա: Բայց միաժամանակ ընդգծեց. «Հաշվի առնելով, որ ռուսական ընկերություններն իրենց բլոկներում այդպիսի փորձ ունեն, մենք հուսով ենք, որ ռիսկի գործոնը շատ փոքր է որևէ խնդիր առաջանալու համար»: 

Տնօրենի խոսքով՝ աշխատանքների կազմակերպման առումով, 2021թ. նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը ամենաբարդերից է: Վարդանյանը տեղեկացրեց, որ մայիսի 15-ից բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այդ ընթացքում կիրականացվեն անվտանգության բարձրացման աշխատանքներ.

«2021-ի վերանորոգումից հետո մենք կարգավորող մարմնից պետք է նոր լիցենզիա ստանանք»: