Աշխարհը փորձելու է իր եղանակներով եւ մեխանիզմ...

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բավական ծանր մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին, վերջինիս անվանելով ահաբեկչության հովանավոր, Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչների աջակից, Ղարաբաղյան հակամարտության սրացման ներկա փուլում սիրիացի ահաբեկիչներին՝ Ադրբեջանի կողմում կռվելու համար փոխադրման հիմնական իրականացնող եւ առհասարակ՝ Ղարաբաղյան հակամարտության ներկա սրացման հիմնական դրդիչ եւ նախաձեռնող։

Ինքնին հասկանալի է, որ Ասադը այլ կերպ չէր կարող խոսել Էրդողանի հասցեին, սակայն էականն այն է, որ Ասադի հայտարարություններն այս կամ այն չափով հաստատվում են։ Օրինակ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն հայտարարել էր, որ նկատում է Լիբիայից ահաբեկիչների տեղափոխման միտումներ՝ ներառյալ՝ Թուրքիայի կողմից։ Սա Անկարային բավական ծանր վիճակի մեջ կարող է դնել, եթե սկսվի լուրջ գործընթաց այս ուղղությամբ, քանի որ խոսքը նույնիսկ «Իսլամական պետություն» խմբավորման հետ Էրդողանի ունեցած կապերի մասին է։

Իհարկե, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարող է շարունակել պնդել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամներից է, սակայն նաեւ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն արդեն մի քանի այց է կատարել ռեգիոն եւ ակտիվորեն խոսվում է Թուրքիայի անվտանգային համակարգի էական բաղադրիչներից՝ «Ինջիրլիքի» բազայի՝ Կրետե տեղափոխման մասին։ Մի բան պարզ է, որ Էրդողանյան նեո-օսմանական Թուրքիայի հետ մի բան այն չէ, եւ աշխարհը փորձելու է իր եղանակներով եւ մեխանիզմներով, այսպես ասած՝ իր տեղը ցույց տալ օսմանյան փադիշահի հովերով տարված Էրդողանին։ Այս համատեքստում Ադրբեջանը պետք է հստակ կարողանա կողմնորոշվել՝ եթե Անկարայի նավը սուզվի, ինքը միասին է գնալու՝ մուղամի կլկլան հնչյունների ներքո, Էրդողանի հետ, դեպի օվկիանոսի հատակը, թե կարողանալու է մանեւրել եւ գոնե գլուխն ազատել, որպեսզի Էրդողանի համբավը նաեւ իր վրա չպրոյեկտվի եւ չկիսի Էրդողանի հնարավոր ոչ այնքան լուսավոր ճակատագիրը։