Արթիկում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգան...

02.12.2019 | Արթիկ քաղաքում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն
կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է
կալանավորվել

2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի
ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում:
Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները 
զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն
վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական
բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ
ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս
դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ
խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության
ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ
փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել
է ոսիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:

  Հաջորդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից
անձանցից Դ.Ի.-ն, ով ոստիկանւթյան բաժնում համապատասխան դատավարական
գործողությունների ժամանակ վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու
աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, տվել
սպառնալիքներ, հարվածել ու կոտրել աշխատասենյակում դրված պահարանը, կոտրված
պահարանի մեջից վերցրել խոհանոցային դանակը և հարձակվել ոստիկաններից մեկի
վրա՝ փորձելով հարվածել վերջինիս: Սակայն աշխատասենյակում գտնվող, ինչպես
նաև առաջացած աղմուկի պատճառով ներս մտած այլ աշխատակիցների կողմից դա
կանխվել է: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից և
ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով
ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքային
ընթացքը, հեռացել է:

  Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական
վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,  258-րդ հոդվածի 2-րդ մասով և
316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր,
որոնք միացվել են մեկ վարույթում:

  Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ.
նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Ի.-ին և նրա մորեղբայրներ
հանդիսացող Ս.Ու.-ին և Ե.Ու.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին
և 2-րդ մասերով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասով։

  Շիրակի մարզի դատախազի ցուցումով վարույթն իրականացնող քննիչի կողմից
միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարան՝ հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես
խափանման միջոց ընտրելու մասին։ Միջնորդությունների քննարկմանը մասնակցել և
դրանք պաշտպանել է նաև նշված քրեական գործի մինչդատական քրեական վարույթի
օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։

  Նշված անձանց նկատմամն որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր
4 միջնորդությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանը բավարարել է։

  Նախաքննությունը շարունակվում է։