Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին բավական հետաքրքիր է հատկապես այն մեսիջների առումով, որոնք հղում է Արմեն Սարգսյանը։
Եթե փորձենք ամփոփել, ապա առաջին հերթին Արմեն Սարգսյանը մեսիջներ է ուղարկում Ռուսաստան կամ ռուսաստանահայ համայնքին, եւ արձանագրում է, որ Հայաստանում հիմա բազմակողմանի, կամ նույնիսկ համակողմանի ճգնաժամ կա, որը նա ձեւակերպել է «հետպատերազմական ճգնաժամ» չափազանց խոսուն եզրույթով, որը պետք է հանգուցալուծել, քանի որ այն բազմաբարդ եւ բազմաշերտ է։
Բացի այդ, Արմեն Սարգսյանը բարձրացնում է ժամանակակից Հայաստանի ապագայի հարցը, ապագայի տեսլական ունենալու հարցը, իրատեսական կերպով Հայաստանի վիճակը գնահատելու եւ դրանից բխող գործողություններ անելու անհրաժեշտության հարցը։ Որոշակիորեն զգացվում է, որ Արմեն Սարգսյանը կողմնակից է ոչ թե անձերով պայմանավորված պատմության կերտմանը, այլ համակարգային ինստիտուտներով։ Ընդ որում՝ առանց ավելորդ երազանքների, պատրանքների, որոնք նաեւ իրենց ներդրումն ունեցան, որպեսզի հիմա Հայաստանն հայտնվի ճգնաժամի մեջ։
Բացի այդ, Արմեն Սարգսյանը կարեւորել է նաեւ Սփյուռքի ներուժի ճիշտ օգտագործումը եւ մասնակցային ներգրավվածությունը Հայաստանի կյանքին։ Կարելի է կարծել, որ Արմեն Սարգսյանը, օրինակ կողմ է, որպեսզի Սահմանադրությունից հանվեն այն սահմանափակումները, որոնք արգելում են այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց բարձր պաշտոններ զբաղեցնել։ Դժվար է ասել, այստեղ լսելի են արդյոք այն խնդիրը, որ հիմա կա, կապված նրա երկքաղաքացի լինելու հարցի առնչությամբ առաջացած դիսկուրսի հետ։
Հետաքրքրական է հատկապես, որ հայ-ռուսական հարաբերություններում, վերջին տարիներին արձանագրված ոչ դրական փոփոխությունները Արմեն Սարգսյանը համարում է ավելի շատ Ռուսաստանից արված գնահատական, քան Հայաստանից։ Ուշագրավ է այն, որ Արմեն Սարգսյանը արձանագրում է հետեւյալը․ «Պարզ պատասխանն ակնհայտ է՝ ով էլ լինի իշխանության Հայաստանում, վաղ, թե ուշ հասնում է այն եզրահանգման, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորական բնույթ չունեն: Դրանք ոչ միայն բազմադարյան են, այլև այնքան խորը, որ դժվար է էմոցիոնալ տեսանկյունից գնահատել: Ես ողջ աշխարհում հանդիպել եմ հայերի: Անկախ նրանից, թե որտեղ էին նրանք գտնվում՝ Բուենոս Այրեսում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում կամ այլուր, նրանց մեծամասնությունը հաստատում է, որ Հայաստանի լավագույն բարեկամը Ռուսաստանն է: Եթե հարցնես՝ ո՞վ է Հայաստանի լավագույն բարեկամը, 100 հոգուց 99-ը կպատասխանի՝ Ռուսաստանը: Եվ նրանք այն հայերն են, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Եվ ոչ միայն հայերը: Նույն կարծիքի են նաև եվրոպացի կամ արևմտյան քաղաքական գործիչները, ում հետ քննարկում ենք Հայաստանի ապագան կամ այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունները: Նրանց ընկալումն այն է, որ ամեն դեպքում Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է: Այդ հարաբերություններն այնքան խորն են, որ դա ոչ միայն այստեղի, այլև Արցախի, Ռուսաստանի հայերն են նշում...»։
Ուշագրավ է Արմեն Սարգսյանի մտածումները հայ-ռուսական հարաբերությունների մասին, ըստ որի, այդ հարաբերությունները պետք է լինեն այնքան հասկանալի և խորը, որ անվերապահ վստահենք իրար: Պետք է լինի կանխատեսելիություն, քանի որ անկանխատեսելիությունը նման հարաբերություններում և այսպիսի աշխարհում խիստ վտանգավոր է: Այսինքն, դու պետք է կանխատեսելի գործընկեր ունենաս:
Թե ինչի համար է Հանրապետության նախագահը Մոսկվայի ուղղությամբ նման ռեւերանսներ անում, կարելի է միայն ենթադրել։ Ամեն դեպքում, նրա արտահայտած մտքերը կարեւոր են հատկապես Հայաստանի գործող իշխանությունների համար։