Արմեն Մուրադյանն այսօր անհատական հանդիպում է...

ArmDaily.am տեղեկություններով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր անհատական հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ Արմեն Մուրադյանն այսօր այցելել է Բաղրամյան 26 և հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին։ «Նախագահի նստավայրում և նախագահի հանդիպումների մասին տեղեկատվությունը, խնդրում եմ, ճշտեք նախագահի աշխատակազմից»,-նշեց Դանիելյանը։

Փորձեցինք տեղեկությունները ճշտել նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահը հանդիպում-քննարկումներ էր կազմակերպել առողջապահական ոլորտի մասնագետների, հիվանդանոցների ղեկավարների մասնակցությամբ՝ կապված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների հետ։