Արման Թաթոյանի արձագանքը՝ «Ժողովուրդ» օրաթերթ...

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու դեպքին։

«Այսօր վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ինձ տեղեկացրել է, որ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն ու տակնուվրա արել։

Ես անմիջապես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել խմբագրություն։ Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։

Այցի և կատարված ուսումնասիրության արդյունքներով իմ ստորագրությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն։

Ես մշտապես նշել եմ, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված, և ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո։ Արդյունավետ ու սպառիչ քննությունն այս խնդրի լուծման կարևոր երաշխիքներից է»,-գրել է նա։