Արման Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել...

Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։

Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը։ Բազմիցս է հայտարարվել, որ ոստիկանությունում հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն ցանկացած դրսևորման հանդեպ։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ օրենք խախտած յուրաքանչյուր ծառայող հայտնաբերվելու և ենթարկվելու է պատասխանատվության։

Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման՝ Արման Սարգսյանը հորդորել է ոստիկանության ստորաբաժանումներին ակտիվացնել աշխատանքը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։

Խոսվել է հանցագործությունների շարժընթացի ու բացահայտումների դինամիկայի մասին։ Արման Սարգսյանը մտահոգություն է հայտնել որոշ հանցատեսակների աճի համար և դրանց կանխման ու բացահայտման համար տվեց կոնկրետ ցուցումներ։

Քննարկելով քաղաքացիներին մատուցող ծառայությունների մասին հարցեր՝ Արման Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմին հորդորել է լինել կարգապահ ու քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։

Մարզ առ մարզ քննարկվել է օպերատիվ իրավիճակը, կոնկրետ դեպքերով տրվել են հանձնարարականներ։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու, ինչպես նաև բացահայտելու ուղղությամբ հանձնարարել է ոստիկանության մի շարք ստորաբաժանումների շարունակել համագործակցված աշխատանքը՝ ներգրավելով նաև ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներին։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության գրագրությանը, օպերատիվ ծառայությանը, նյութատեխնիկական ապահովմանն ու կարգապահությանը վերաբերող խնդիրներ և այլ հարցեր։