Արցախը հանձնելը արդյունավե՞տ էր․ Ավինյանը գաղ...

Իշխանական խրախճանքի նավից դուրս մնացած արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է սկզբունքային-սկզբունքային խաղալ ու քաղաքական դիվիդենտներ հավաքել։ 

8-րդ գումարման Ազգային Ժողովի օգոստոսի 2-ի անդրանիկ նիստից հետո Տիգրան Ավինյանը գրառում արեց իր ֆեյսբուքյան էջում և փորձեց բացատրել, թե ինչու որևէ տեղ ներկայացված չէ․ «Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակվեն»,-գրել է Ավինյանը:

Պարզվում է` Ավինյանն ունի քաղաքական սկզբունքներ։ Բայց այստեղ կարևոր է նկատել, որ այդ սկզբունքները որևէ բան չեն ասում Արցախում տեղի ունեցածի մասով։ Այսինքն, նախկին փոխվարչապետի համար նորմալ է, որ Արցախը կորցրել են իրենց թիմի գործունեության արդյունքում, բայց որ մեկ կամ  երկու գործարար կարող է հայտնվել իշխող թիմում, այ դա արդեն անթույլատրելի մեղք է։ Այսինքն, Արցախը հանձնել կարելի է, իսկ բիզնեսի և քաղաքականության մեկտեղում՝ ոչ։

Կարևոր է նկատել, որ Ավինյանը ինքն իր 3 տարվա գործունեությունը համարում է արդյունավետ․ «Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ և իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին։ Նախ, կորոնավիրուսի համավարակի և պատերազմի փուլերում մենք կարողացանք կանխել տնտեսության հնարավոր փլուզումը:»:

Արցախը հանձնած Փաշինյանի թիմի առանցքային դեմքը իրականում ճիշտ է  ասում, երբ խոսում է արդյունավետությունից։ Խնդիրը միայն նրանում է, որ նա մոռանում է ճշտում մտցնել իր խոսքում և չի ասում, թե իրականում, որ պետության համար է արդյունավետ եղել իրենց գործունեությունը։