
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախում կառուցել են 4-րդ բլոկ-մոդուլային ավանը, որը նախատեսված է 60 ռուս խաղաղապահների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները Խաչմաչ բնակավայրում արագորեն կառուցել են 60 տեղանոց բլոկ-մոդուլային ավան»,- նշել են գերատեսչությունում:
Նախկինում ստեղծված 3 բլոկ-մոդուլային ավաններում արդեն ապրում է 400 խաղաղապահ:
2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մինչև 2021 թվականի ապրիլը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար 32 ժամանակակից մոդուլային ռազմական ավաններ կկառուցվեն: Արդյունքում, խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ: