Արցախի նախագահի խոսնակը ստում էր․ նպատակը հան...

Ինչպես և սպասելի էր, եկավ նոյեմբերի 25-ը և Ադրբեջանին հանձնվեց Արցախի Շահումյանի շրջանը, շրջկենտրոն Քարվաճառ քաղաքով հանդերձ։ Առանց մեկ կրակոցի մեկ ամբողջ շրջանի հանձնումը արդյունքն է Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական փաստաթղթի։

Հետաքրքիր է, որ իշխանությունները մինչև վերջին վարկյանը փորձում էին մոլորեցնել հանրությանը։ Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ստորագրել է նշված ստորացուցիչ փաստաթուղթը, հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ։ Իշխանությունները՝ ինչպես ևս սպասելի էր, հանրային դժգոհությունը մեղմելու համար կրկին անգամ դիմեցին ստի և կեղծիքի օգնությանը։

Հանրային դժգոհության ֆոնին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան գրառմամբ կոչ արեց Շահումյանի և Քաշաթաղի բնակիչներին չշտապել․ «Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:

Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ասվում էր նրա հայտարարության մեջ:
Այս հայտարարությունից երկու շաբաթ անց նշված շրջանները հանձնվեցին Ադրբեջանին, իսկ Արցախի կառավարությունը այդպես էլ հայտարարությամբ հանդես չեկավ, ավելին շրջանների բնակիչներին անգամ չաջակցեց դուրս հանել իրենց գույքը։