Արցախի հարցում ընդդիմությունը պետք է միշտ ելա...

Օրեր առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի ապագա խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ հարկավոր է ստեղծել Արցախի հարցերով խորհրդարանական հանձնաժողով։ Վանեցյանը մասնավորապես գրել էր․ «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։

Այսօր արդեն հայտնի դարձավ «Իրավունքի» փոխանցմամբ, որ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում եւս կարեւորվել է այս հանձնաժողովի ստեղծման եւ լիարժեք աշխատանքի հարցը: Ըստ պարբերականի տեղեկությունների, «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում իրենց խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ով եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը: Ընդ որում, «Իրավունքը» շեշտում է, որ տվյալ հարցում «առարկություններ չունեն նաեւ «Հայաստան» դաշինքում եւ հանձնաժողովի ձեւավորվելու դեպքում պատրաստ են սատարել նրա թեկնածությանը»:

Ինչ խոսք, նպատակը լավն է, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնց առնչությամբ հարկ է մի փոքր ավելի մանրամասն խոսել։ Նախ, Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ չգիտես ինչու ելակետային է նկատվում հետընտրական շրջանն այն դեպքում, երբ Արցախի եւ հարակից տարածքների շուրջ նոր իրողություններ կամ ինչպես ինքն է նշել՝ «նոր իրավիճակը» ստեղծվել են ոչ թե հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետեւանքով, այլ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությամբ եւ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ հետեւանք էին այդ եռակողմ հայտարարությամբ, հայկական կողմի համար ոչ նպաստավոր արդյունքներով ավարտված 44-օրյա պատերազմին հաջորդած ներքին ճգնաժամի, ուստի առնվազն սխալ է ժամանակագրորեն Արցախի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը կապել հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հետ։ Ի վերջո, այդ ընտրություններով մեծ հաշվով ոչինչ չի փոխվել Արցախյան խնդրի հետ կապված։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները շարունակում են գործել, բանակցողի փոփոխություն չի եղել, եւ ավելին՝ աշխարհաքաղաքական տեսակետից դիտարկած, իսկ հարցն այժմ հենց այս տեսակետից պիտի դիտարկել, նշված հայտարարությունների կենսագործման պրոցեսի անխափանության հարցում ավելի լուրջ երաշխիքներ են ստեղծվել, «Փաշինյանի հանդեպ ժողովրդի ունեցած վստահության մեծ կրեդիտով», որով «ցավոտ ու բարդ որոշումների կայացումը» եւ կյանքի կոչումը դառնում է պարզապես ժամանակի խնդիր։

Բացի այդ, արդեն գալով Վանեցյանի հիմնավորումներին, նկատենք, որ Արցախի հարցում Հայաստանը չի կարող ունենալ անվտանգային հարցերում որեւէ մարտահրավերի դիմագրավման հնարավորություն, քանի որ ամենապարզ ձեւակերպմամբ ասած՝ Արցախի բեկորների վրա ապրող հայության ֆիզիկական գոյությունը ապահովում է ոչ թե ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն, այլ ռուսական խաղաղապահ զորակազմը։ Հետեւաբար, անվտանգային ոլորտում խորհրդարանական հանձնաժողովը, եթե նույնիսկ ստեղծի, անելիք չի ունենա։

Իսկ ինչ մնում է սոցիալ-տնտեսական, հումանիտար-մշակութային եւ այլ ոլորտներին, ապա չպետք է մոռանալ, որ այդ օգնությունը հիմա էլ գոնե սոցիալ-տնտեսականի ու ֆինանսականի մասով իրականացվում է համահայկական մասշտաբով ու նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ հումանիտար-մշակութային ոլորտի պարագայում՝ ի վերջո Արցախի ժողովուրդը նույն հայ ժողովուրդն է ու էթնիկ կրոնական միասնականության պայմաններում անհասկանալի է դառնում հանձնաժողովի անելիքը։ Ու ընդհանրապես, ցանկալի կլիներ, որ Արցախի հետ կապված հարցերում դիտարկումներն արվեին ռեալ-պոլիտիկի դիրքերից, քան ազգային հայրենասիրական հուզա-էմոցիոնալ դիրքերից։