Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը խոսե...

Պատերազմի 18 օրերի ընթացքում Հայաստանի և Արցախի իշխանությունները առաջին անգամ խոսեցին տարածքային կորուստների մասին։ 

Առաջինն այդ մասին խոսեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա իր ուղերձում մասնավորապես ասեց․ «Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»։

Արցախի նախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց ուղերձով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում  նույնպես խոսեց տարածքային կորուստների մասին․ «Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում, այսուհանդերձ ԱՀ ՊԲ-ն վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Ստեղծվել է բավականին ծանր իրադրություն. այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այլ՝ որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու ժողովրդի հետ»,- երեկ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս պահին իհարկե դժվար է այդ կորուստները վերջնական անվանել, քանի որ մեր զորքերը կատարում են իրենց առաջ դրած մարտական խնդիրը և ամեն պահի իրադարությունը կտրուկ կարող է փոխվել, բայց կարծում ենք անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները հրապարակեն կոնկրետ տեղեկություններ կորուստների մասին, որպեսզի ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած քարտեզները և տեղեկությունները տեղ չունենան մեր հանրության շրջանում։