«1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը` Ստանիսլավ Լեմը, իր առաջին` «Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին:
Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տեսանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտավորականներից մեկն ավելի սկզբունքային հարցերում էր ճիշտ, մենք` 21-րդ հարյուրամյակի մարդիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և ոչ մի լուրջ խնդիր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մակարդակով: Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմային աղետը: Ավելին` դեոևս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, և նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:
Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարագայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջանակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին` միացնում են համակարգիչդ, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» և սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երևակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վերլուծում իրավիճակը, և հիմա ասում է, որ մարդկությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարությունները, կարծում եմ, մատների արանքով են նայում` Դոնալդ Թրամփը նրանց թվում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: