Առաջիկա ընտրությունները կլինեն «խոշորացույցի...

Այսպիսով, արձանագրենք՝ խորհրդարանը երեկ արձակվեց, նախագահ Արման Սարգսյանն էլ ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը։ Ինչ խոսք հետաքրքիր է հիմա դիտել կամ հետազոտել, թե ինչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական հարթությունում։ Ընդհանուր առմամբ ուրվագծված պատկերը բավականին հասկանալի է, սակայն նյուանսներն ու դետալները շատ կարեւոր են, որովհետեւ ինչպես ասում են՝ սատանան հենց դրանց մեջ է։ Իշխանությունները երեւի թե այս երեք տարվա փորձառության դասերը քաղած կլինեն։

Գոնե անձամբ Նիկոլ Փաշինյանը կփորձի նոր ԱԺ-ում ունենալ քիչ թե շատ պրոֆեսիոնալ ֆրակցիա եւ «ուսապարկներին» կփոխարինի «ուսերի վրա գլուխը որպես վզի դեկորատիվ վերջավորություն չընկալողներով», այսինքն՝ մարդկանցով, ովքեր ունակ են մտածելու եւ կարող են աշխատել։ Սա նրա համար, անկախ թե կկարողանա մեծամասնություն կազմել, թե ոչ՝ կենսական անհրաժեշտություն է, եթե ուզում է առհասարակ որպես ֆիգուր քաղաքական դաշտում պահպանել կենսունակությունը։ Հակառակ դեպքում նույնիսկ 54 տոկոս մեծամասնությամբ՝ նա կլրացնի «լուսանցքայինների» շարքը քաղաքական խորդանոցում։

Ընտրապայքարը իր բոլոր հանգրվաններում կանցնի ամենայն հավանականությամբ շատ հետաքրքիր կերպով եւ, ինչը հատկապես կարեւոր է՝ արտաքին խաղացողների խոշորացույցի ներքո։ Ընդհանրապես, սպասվող ընտրությունները, գոնե Հարավ-Կովկասյան մակարդակում են հետաքրքրության առարկա լինելու, բոլոր խաղացողների համար, ովքեր մեր ռեգիոնում ունեն շահեր, հետաքրքրություններ։ Սա ինքնին հասկանալի է, որովհետեւ աշունը իր հետ նոր վերաձեւումներ է բերելու Հարավային Կովկասից մինչեւ Կենտրոնական Ասիա։

Այս ուշադրությունը կարող է իր հերթին ազդել, որպեսզի նախընտրական արշավի ժամանակ որոշակի կոռեկտություն պահպանվի։ Մասնավորապես, որքան էլ Փաշինյանն օրինակ լինի ընտրապայքարի մեջ, սակայն նույնիսկ փոքր խախտումները, լինեն դրանք նաեւ՝ ատելության խոսքի տարածման, թիրախավորման կամ այլնի մասով, իր առաջ են խնդիր հարուցելու, որովհետեւ ինչպես ասում են՝ «թիվ մեկ պատասխանատուն ինքն է լինելու»։

Բացի այդ, նոր խորհրդարանից պահանջներն էլ բարձր են լինելու եւ նոր խորհրդարանը պետք է այսպես ասենք՝ լինի «մաքրամաքուր»։ Սա էլ է արտաքին խաղացողների համար «պահանջ», քանի որ առջեւում գործընթացներ կան, որոնց լիարժեք եւ անսակարկելի լեգիտիմությունը կարող է միայն «մաքրամաքուր» ԱԺ-ն ապահովել։