Արա Վարդանյանը կալանավորվեց․ խոսքի արժեքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Արա Վարդանյանը կալանավորումից առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Հարգելի՛ ընկերներ

Ժողովրդավարության, խոսքի ազատության եւ իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով:

Հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են մերոնքի ու ձերոնքի բաժանմանը: «Մերոնքի» համար ապահովված է ամենաթողություն, իսկ «ձերոնքի» համար՝ ապօրինի հետապնդումներ եւ անազատություն:

Մենք հիմա բռնապետության ռեժիմին ենք անցնում, երբ առանց հիմնավոր ապացույցների մարդուն զրկում են ազատությունից: Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են:

Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում եւ պայքարելու եմ մինչեւ այս աբսուրդին վերջ տրվի։

Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն:

Ես երբեք մեկ լումայի վնաս չեմ տվել պետությանը: Արել եմ ճիշտ հակառակը՝ ձգտելով օգտակար լինել մեր հայրենիքի շենացմանը։ Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կգա։

ԱԱԾ-ն ինձ անօրինական ձեւով առաջին ամգամ շուրջ մեկ տարի առաջ ձերբակալեց։ Ձերբակալման համար չկար որեւէ հիմք։

Ի դեպ, այս ընացքում ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուղղակի գետնով են տալիս մեր իրավապահ մարմինների պատիվը։ Ես այս ամենին այլ հայացքով եմ նայում ու պատկերացրեք, որ առողջ բան եմ գտնում այս ապօրինությունների մեջ: Մարդիկ ինքնաբացահայտվում են ու շատ շուտով պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:

Հարգելի՛ ընկերներ, ձեզ պինդ պահեք, ամեն ինչ դեռ առջեւում է»։

Իշխանափոխությունից հետո Արա Վարդանյանը ակտիվ հրապարակային քաղաքական գործունեություն էր ծավալում։ Նա քննադատական ելույթներ էր ունենում գործող կառավարության հասցեին։ Ըստ էության նրա կալանավորումը իշխանությունների պատասխանն էր նրա մեղադրանքներին և հայտարարություններին։ Արա Վարդանյանը զրկվեց ազատությունից, քանի որ ի տարբերություն շատերի անտարբերությամբ չէր անցնում երկրում առկա խնդիրների կողքով։