
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հանում է ռուսական ազդեցության ոլորտից և տանում դեպի Անկարա-Բրյուսել, լավ բան մի սպասեք։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ դեպքերում ասում են՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը։ Դիվանագիտության և քաղաքականության մեջ, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ, շատ ավելի կարևոր է, թե ինչ չպետք է անել, և այսօրվա նիկոլիստական վարչակարգը անում է այն, ինչ չպետք է անել։
Չպետք է Ուկրաինա-ռուսական պատերազմի ժամանակ պատվիրակություն ուղարկել Բուչա՝ գրգռելով Ռուսաստանին։ Չպետք է Ազգային ժողովի նախագահին հրահանգել հանդիպել Ռադայի ղեկավարի հետ, չպետք է Նիկոլ Փաշինյանը գնար և հայտարարեր, որ ուկրաինական հարցում ինքը Ռուսաստանի դաշնակիցը չէ, ո՞վ է իր լեզվից քաշում։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ ՀՀ-ՌԴ երբեմնի դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են։
Չպետք է Հռոմի ստատուտ վավերացնել և ՔՊ-ի պատգամավորների բերանով հայտարարել, որ Պուտինը եթե գա, մենք իրեն կձերբակալենք։ Արա, դուք մի հատ Ալիևի ախրանիկի հորեղբոր աղջկա թաշկինակին չեք կարող ձերբակալել, դուք ո՞նց կարող եք Պուտինին ձերբակալեք, ես սա չեմ հասկանում»,- հայտարարեց Շարմազանովը: