Ապրիլը ԼՂ-ն կթեւակոխի նոր նախագահով եւ նոր պա...

Վաղը՝ մարտի 31-ին ԼՂՀ-ում տեղի կունենան պառլամենտական եւ նախագահական ընտրություններ։ Այս ընտրությունները աչքի են ընկել թեկնածուների շատությամբ․ նախագահի պաշտոնի համար կպայքարի 14 թեկնածու, իսկ պառլամենտում ներկայացված լինելու համար՝ 10 կուսակցություն եւ երկու դաշինք։

Այս ընտրությունները, Արցախի եւ Հայ ժողովրդի պատմության նորագույն պատմության ընթացքում կարելի է եզակի համարել նաեւ այլ պարամետրեր հաշվի առնելով։

Նախ, նոր տիպի կորոնավիրուսային համավարակը որոշակիորեն խաթարեց քարոզչությունը, եւ նույնսիկ ընտրությունները հետաձգելու հարցը բարձրացվեց, սակայն կարծես թե իշխանության ղեկին գտնվողները որոշել են հարցը լուծել առանց ձգձումների, եւ ընտրությունները կկայանան։ Բացի այդ, այս ընտրությունները ըստ էության, զուտ միջազգային-իրավական առումով, շատ բան չեն տա, քանի որ միջազգային հանրությունը դեռեւս պատրաստ չէ ճանաչելու դրանց արդյունքները, քանի որ դեռ հստակություն չկա, թե երկու միջազգային իրավական կարեւոր նորմերից՝ ինքնորոշման իրավունքից եւ տարածքային ամբողջականության սկզբունքից որն է ավելի կարեւոր եւ բանակցությունները ԼՂ կարգավորման, ընթանում են այս երկուսի արանքում կոմպրոմիսային լուծում գտնելու հարցի շուրջ։

Բացի այդ, այս ընտրությունները եզակի են նաեւ նրանով, որ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հարաբերությունները այնքան էլ անխռով չեն, քանի որ Երեւանում իշխանության ղեկին թավշյա հեղափոխականների թիմն է, իսկ Արցախում այն էլիտան, որը տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի նախկին իշխանության հետ եւ սա Հայաստանի այժմյան վարչակարգի համար ինչ որ առումով խնդրահարույց է։

Կարող ենք արձանագրել, որ ընտրություններն ինքնին լինելու են հետաքրքիր՝ անկախ արդյունքներից։ Ընդ որում, դա վերաբերելու է թե ինքնին ընտրությունների կայացման հարցին, հաշվի առնելով, որ ԼՂ-ն դեմոկրատականության առւմով անհամեմատ ավելի առաջ է Ադրբեջանից եւ կարող է դեմոկրատիայի դասեր տալ Բաքվին եւ ռեգիոնալ եւ Մեծ քաղաքականության հետ ունեցած կապակցվածության տեսակետից։ Ամեն պարագայում պետք է նկատել, որ եւ նախագահական եւ պառլամենտական ընտրությունների միաժամանակյա լինելու փաստը բավական սիմվոլիկ կերպով ուղերձ է պարունակում իր մեջ «թարմացվող իշխանության» առումով, անկախ այն հանգամանքից, թե այդ թարմացումն ինչպիսին կլինի, քանի որ ապրիլը, որը էլի սիմվոլիկ է ԼՂ եւ Հայաստանի համար, կմեկնարկի նոր նախագահով եւ նոր պառլամենտով։