Ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնար...

Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել և գնահատել ԱՄՆ-ի լրջությունը. այս մասին,  Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Նա ընդգծել է, որ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին հավաստիացումները, քննարկվելիք միակ թեման է լինելու։

«Մասկատի բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են և Ամերիկայի լրջությունը գնահատելու փորձ»,- ասել է Արաղչին:

Նախօրեին հաղորդվել էր, որ շաբաթ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունները վարելու են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը. այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին:

«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։ 

Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ 

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ն ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին»,- ասել էր նա։