Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականություն...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում փոփոխություն կատարեց «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ:

Ըստ այդմ կառավարութունը հաստատեց ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով. «Այս փոփոխությամբ վերանայել ենք ֆիզիկական անձի կողմից առանց օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: Մասնավորապես, խնդիր էր  առաջանում ներկայումս ոստիկանության կողմից այդ ներխուժումը վերացնելու լիազորության հետ կապված, որովհետեւ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր: Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաեւ շարժական գույքի տեղադրմամբ եւ խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցերը կարգավորվեն: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե ոստիկանությանը դիմելու, թե լիազորելու կարգն ու պայմանները, թե մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս:

Ի դիվս դրա կարգավորվել է նաեւ պետությանը եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում  կրկին նման նեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները կրկին ոստիկանության միջոցով»:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ այս ընթացքում բախվել են դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն. «Բոլորը սա ընդունում են, այսինքն չկա բանավեճ, որ այդ սեփականությունը պատկանում է X մարդուն, բայց Y մարդը որոշակի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ: Փաստացի ստացվում է, որ լուռ  համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով եւ այլն: Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն»,-ասաց վարչապետը: