Ապագա ունի՞ արդյոք ղարաբաղյան կարգավորման հար...

Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ պատասխանը կախված է նրանից, թե որ կողմին եք տալիս այդ հարցը: Այս մասին ICR Center-ի համար իր հոդվածում գրում է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

«Երեւանը Մինսկի խմբի պահպանումն անհրաժեշտ է համարում` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Բաքուն պակաս վճռական չէ մյուս ուղղությամբ՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ միշտ կլինի: Սա գլուխկոտրուկ է, որի հետ Մինսկի խումբը բախվել է գրեթե ամենասկզբից՝ արմատապես հակառակ դիրքորոշումներ, որոնք սկզբունքորեն տեղից չեն շարժվում»:

«Ճիշտն ասած, երբ ԱՄՆ-ից ինձ առաջարկեցին ժամանակավոր համանախագահի պաշտոնը, սկզբում ես մի փոքր տատանվեցի: Ինչո՞ւ։ Քանի որ Պետդեպարտամենտում այս պաշտոնը չէր դիտարկվում որպես «կարիերայի աճ»: Անկեղծ ասած, այն սովորաբար զբաղեցնում էր «կայանատեղիում» դիվանագետը, այսինքն, երբ սպասում էր խոստացված լիարժեք դեսպանատանը, կամ դիվանագետը, ով պետք է շուտով թոշակի անցներ, որին մի փոքր ավելի շատ ժամանակ էր պետք կենսաթոշակային պահանջները կատարելու համար: Այնուամենայնիվ, ինձ հետաքրքրեց հնարավորությունը տեղում ծանոթանալու մի միջազգային խնդրի հետ, որին նախկինում քիչ ուշադրություն էի դարձրել, եւ հնարավորություն ունենալ մեկնել Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ հազվադեպ հնարավորություն է ցանկացած ամերիկյան քաղաքացու համար: Եւ այդ պատճառով ես համաձայնեցի:

Տարածաշրջան կատարած յուրաքանչյուր ուղեւորության ընթացքում, սովորաբար, մոտ վեց շաբաթը մեկ (մինչեւ Covide-ը) դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ մենք՝ Մինսկի խմբի երեք համանախագահներս, հանդիպում էինք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց մայրաքաղաքներում եւ սովորաբար Հայաստանից օկուպացված տարածքներով ուղեւորվում էինք Լեռնային Ղարաբաղ՝ Ստեփանակերտում պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար: Ժամանակ առ ժամանակ մենք մեկնում էինք Մոսկվա, Բրյուսել եւ այլ մայրաքաղաքներ` շահագրգիռ կառավարություններին տեղեկացնելու մեր աշխատանքի եւ ԼՂ հակամարտության վիճակի մասին:

Շատ առումներով՝ ինչ եւ ինչպես էինք մենք անում, համապատասխանում էր այն կարծրատիպին, որը գալիս է մարդկանց մտքին, երբ նրանք մտածում են դիվանագիտական կյանքի մասին: Մենք մնում էինք հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ սովորաբար ներկայացուցչական հարկում մեզ համարներ էին հատկացվում, ինչը մեզ հնարավորություն էր տալիս օգտվել մասնավոր ճաշարանից եւ լիարժեք բարից՝ առանց լրացուցիչ ծախսերի: Մենք լավ էինք ապրում` ԵԱՀԿ դրոշը ցույց տալով եւ Բաքվին, եւ Երեւանին հիշեցնում էինք Մինսկի խմբի գոյության մասին: Սակայն, անկեղծ ասած, շատ քիչ բան է ձեռք բերվել:

Անցած տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն ձեւակերպել է Մադրիդյան սկզբունքները՝ ճանապարհային քարտեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար, որն ավարտվելու է հենց Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշմամբ: Այն ընթացքում, երբ ես ԱՄՆ-ի համանախագահն էի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին, որը անմիջապես ոչ պաշտոնապես հայտնի դարձավ:

Երբ, այսպես կոչված, «Լավրովի ծրագիրը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ արդյոք Կրեմլը իսկապես կհամաձայնի՞ իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Սա, առավել քան ցանկացած այլ բան, ինձ թույլ տվեց հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր: Հետխորհրդային տարածքում Լեռնային Ղարաբաղը, այսպես կոչված, ձգձգվող հակամարտություններից է, մյուսներն են Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ Վրաստանում, Մերձդնեստրը՝ Մոլդովայում եւ տարածաշրջանային անկարգությունները՝ Ուկրաինայի արեւելքում:

Չնայած այդ հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմական ծագումը եւ ունի իր բարդությունը, միավորող գործոնն այն է, որ Ռուսաստանը, անկասկած, ամենալավն է համապատասխանում այն բանի համար, որպեսզի լուծի այս հակամարտությունները՝ եթե ինքը որոշի դա անել:

Մոսկվան նախընտրում է դա չանել յուրաքանչյուր հակամարտությանն առանձնահատուկ տարբեր պատճառներով, բայց հիմնական պատճառն այն է, որ լուծումը թույլ կտա յուրաքանչյուր երկրին իրեն բավական ազատ զգալ՝ հյուսիսում թողնելով Մեծ արջի որջը եւ այլ գործընկերների փնտրել:

Վրաստանի դեպքում դա կլինեն ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը: Բայց Մոսկվան պարտավոր է եւ վճռական է կանխելու դա, որպեսզի պահպանի այսպես կոչված «հատուկ ազդեցության ոլորտը»:

Համանախագահների հետ Երեւան եւ Բաքու կատարած բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում ես իմացա, որ յուրաքանչյուր կողմ ամուր կանգնած է իր դիրքերում եւ չի դիտարկի նույնիսկ չնչին ժամանակավոր փոխզիջում, նույնիսկ որպես բարեխղճության վստահության միջոց: Ես անձամբ եկա այն եզրակացության, որ միայն պատերազմը վերջնական կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, չնայած ես երբեք այդ տեսակետը հրապարակավ չեմ արտահայտել: Եվ, այնուամենայնիվ, մենք ՝ համանախագահներս, շարունակում էինք աշխատել:

Հարկ է հիշել, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին պատերազմի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր մայրաքաղաք փորձեց բանակցել հրադադարի շուրջ, սակայն հրադադարներից յուրաքանչյուրը տեւեց ընդամենը մի քանի ժամ: Միայն այն ժամանակ, երբ թվում էր, որ Ադրբեջանն իսկապես կարող է հետ վերցնել իր ամբողջ տարածքը, Մոսկվան միջամտեց եւ կարգավորեց իրավիճակը:

Հայաստանը կորցրեց գրեթե 30 տարի գրաված յոթ տարածքները եւ ԼՂ հարավային մասը՝ ներառյալ գեղեցիկ լեռնային Շուշի քաղաքը:

Մոսկվան հայտնեց շահավետ դիրքում: Նա կանգնեցրեց պատերազմը՝ խաղաղապահ զորքեր տեղակայելով:

Այդպիսով, հարց է առաջանում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ ունի՞ որեւէ դերակատարություն: Հայաստանն ասում է՝ «միանշանակ այո», իսկ Բաքուն` «միանշանակ ոչ»: Այսպիսով, Մինսկի խմբի ստատուս քվոն, ամենայն հավանականությամբ, կմնա հարաբերական անհայտության մեջ:

Փաստացի եւ՛ Բաքուն, եւ՛ Երեւանը արդեն գիտակցել են, որ այժմ ենթակառուցվածքների վերականգնման, ճանապարհների նորոգման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման հնարավորություն կա:   

Օրինակ, Մինսկի խումբը կարող է կազմակերպել եւ համակարգել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ երկրների մայրաքաղաքների ֆինանսավորումը, որպեսզի մշակի գլխավոր ծրագիրն ու օգնի վճարել զարգացման համար ինչպես ԼՂ մարտական գործողությունների նախկին գոտում, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ դա դյուրին չի լինի՝ հաշվի առնելով տարածաշրջանի դժվար հարեւաններին՝ Իրանին եւ Թուրքիային, որոնք ցանկանում են իրենց խոսքն ասել: Բայց եթե Մինսկի խումբը չփոխի իր առաքելությունը, ապա, ցավոք, այն կշարունակի մնալ միջազգային դիվանագիտության ինտրիգային ծայրամաս»: