Անջեյ Կասպրշիկը լեգիտիմացնում է «ԼՂ ադրբեջանա...

Բաքվում գործող, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք կառույցի ներկայացուցիչներից Սամիր Ահադօղլի Մամադովը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպում է ունեցել այդ կառույցի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ։

Հանդիպման ընթացքում նա շնորավորել է Գյանջալիեւին՝ Ադրբեջանի պառլամենտի պատգամավոր ընտրվելու եւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցիչ դառնալու առթիվ։ Հայկական մեդիայում այս գրառումը բավական լայն արձագանք է ստացել։

ՀՀ ԱԳ նախարարությունն այս առնչությամբ, պատասխանելով «Թերթ․AM»-ի հարցին։ Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ արձագանքը․ «Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին»։

Հայկական ԱԳ նախարարության արձագանքը, մեղմ ասած թերի է։ Նախ, գրառումը ջնջված չէ։

Երկրորդ գրառումը կատարողն այնքան էլ անհայտ անձ չէ, այլ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի ղեկավարներից։

Երրորդ, երբ է օրինակ Կասպրշիկը հանդիպել Արցախի քաղհասարակության հետ։

Չորրորդ, պահանջել է արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը բացատրություն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից խնդրահարույց հանդիպման հետ կապված, հաշվի առնելով, որ այդ հանդիպումը ըստ էության նշանակում է Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի եւ վերջինիս ղեկավարի՝ որպես Ղարաբաղի ադրբեջանցիների ընտրյալ ներկայացուցչի լեգիտիմացում։

Եվ առհասարակ ինչ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ճակատում եւ ինչու հենց Մյունխենի՝ Անվտանգության միջազգային կոնֆերանսի ֆոնին տեղի ունեցավ այս հանդիպումը։