Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները զրկեցին հասարակությանը ճշմարտությունը իմանալուց և թույլ չտվեցին հասկանալ՝ Մարտի 1-ի գործը բացված է, թե ոչ:

Հիշեցնենք, որ դատարանը հանցադեպի բացակայության հիմքով «Մարտի 1»-ի գործող դադարեցրեց քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց:

«Մենք ընտրել ենք 3 դատավորների, իսկ մյուս 5-ը պատրաստված էին Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանին ցանկացած հոդված ենթարկել փորձաքննության: Իմ տպավորությունը այնպիսին է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, ապա այդ հոդվածը կճանաչվեր հակասահմանադրական, դա է այս դատավորների տրամաբանությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դատարանը պաշտպանել է ՀՀ 2-րդ նախագահի շահերը, իսկ տուժողների շահերը մնացին անպաշտպան: «Սահմանադրական դատարանի որոշումը կայացրեցին 8 դատավորներ որոնցից 3-ին մենք ենք ընտրել։ Ինձ հետաքրքիր է, թե այս 3-ին, հատկապես Խունդկարյանին, մենք ինչո՞ւ ենք ընտրել, այսքան տարիների ընթացքում թող արտահայտվեր, որ Սահմանադրության մեջ հակասող հոդված կա: Դատարանը պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի շահերը, բա տուժողների շահերը ո՞վ պիտի պաշտպանի»,- նշեց նա: