Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերոջ միջո...

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին:

Ռուբեն Հայրապետյանը նախ պատմեց, թե երբ են սկսել իրավապահները հետաքրքրվել իրենով. «Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության վերաբերյալ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դրան նայում է շատ նորմալ:

«Թող ստուգեն, բայց վեցերորդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալների վերաբերյալ ինֆորմացիան կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել. ոչ միայն ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել, այդ հայտնաբերումից հետո դատավորի կարգավիճակ ընդունել և պարզել, որ ես հափշտակել եմ: Միգուցե պարզվի, որ այդպիսի թիվ չկա, իրականում հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել: Ես չեմ բացառում, որ կարող է սխալներ եղած լինեն, բայց այն թվերը, որոնք իրենք հայտարարում են, ուղղակի ծիծաղելի է»,- ընդգծեց նա: