Անարդարությունն է մարդկանց գցել Փաշինյանի ճան...

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունները դավաճանել են Հայաստանի Հանրապետության շահերը։ Շատերի համար զարմանալի կերպով հանրության մեծամասնությունը չընդվզեց, երբ հայտնի դարձավ դավաճանության փաստը։ Ընդդիմությունն իհարկե փորձում է այս ամենը բացատրել մարդկանց զոմբիացմամբ, բայց իրականում պատճառներն շատ այլ տեղում են թաքնված։

36 տոկոս աղքատություն ունեցող Հաայստանում հնարավոր չէ նախկին դեմքերով կամ նրանց հետ ասոցացվող գործիչներով հրապարակներ լցնել (արդարության համար, սակայն պետք է նկատել, որ նախկին թալանչիներից շատերն այսօր նոր իշխանությունների հովանու ներքո են գործում)։ 

Հանրության բավական լայն զանգված երկար տարիներ ապրել է անարդարության մթնոլորտում։ Նրանք ապրել են մի Հայաստանում, որտեղ սոցիալապես անապահով խավը չի կարողացել անգամ պարզ խնդիրների դեպքում գնալ հիվանդանոց, իսկ այդ ընթացքում իրենց իբրև ծառայող չինովնիկները միլիոններ են դիզել։ Միլիոններ ներկա չինովնիկներն էլ են դիզում ու հիմա էլ այնպես չէ, որ աղքատ խավը կարողանում է հավուր պատշաճի բուժվել, բայց սա դեռ հանրության այդ հատվածի համար տեսանելի չէ։

Հանրությանն, օրինակ, հետաքրքիր է, թե ինչպես է Գագիկ Բեգլարյանն` ով ամբողջ կյանքը պետական պաշտոն է զբաղեցրել, միայն Երևանի կենտրոնում 260 կտոր անշարժ գույք ձեռք բերել։ Կամ ինչպես է ստացվել, որ սկզբում ընդդիմադիր, իսկ հետո իշխանության մաս կազմող Արթուր Բաղդասարյանը պաշտոնավարման ընթացքում կարողանում գործարան, մի քանի արտադրամաս և հեռուստաընկերություն գնել։ Ու այսպես կարելի է խոսել նախկին գրեթե բոլոր չինովնիկների մասին։

Գործող վարչապետը հենց այս անարդարությունն է դարձրել իր համար հենարան ու անվերջ ատելություն է քարոզում նախկինների նկատմամբ։ Ու այստեղ Փաշինյանին այնքան է հաջողվել մոլորեցնել հանրությանը, որ իր կողմնակիցներն, իր կողմն անցած օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անօրինականությունները չեն նկատում, բայց նկատում են նախկին իշխանությունների քաղաքական դեմքերի չեղած անօրինականությունները։

Ու հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հանրության մի ստվար հատված պատրաստ է մերժել ներկաներին, բայց պատրաստ չէ ընդունել նախկինների հետ փոխկապակցված որևէ խմբի։ Մյուս կողմից էլ մենք չունենք կարող քաղաքական ուժեր  կամ գործիչներ ովքեր որևէ կերպ առնչված չլինեն նախկին որևէ իշխանության։ Այս պարագայում կա մեկ լուծում՝ նախկինների հետ կապված, բայց մաքուր անցյալ ունեցող գործիչներն ու ուժերը պետք է մեկ անգամ, բայց անկեղծ զղջումով հանդես գան, պետք է խոսեն հանրության հետ իրենց իրական սխալների մասին, եղած անարդար մթնոլորտի ու հարաբերությունների մասին։ Հանրության հետ իրական անկեղծ զրույցը չի կարող անարձագանք մնալ և երբ զրույցը կայանա, ապա կարելի է խոսել ապագա քայլերի մասին։