
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020թ. ամռանը երկիրը 3 անգամ գտնվել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին:Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը:
«Մենք ամռանն անընդհատ զգոն էինք: Մեր բանակին 3 անգամ տրվել է ընդհանուր մոբիլիզացիայի հրաման: Հունական նավատորմը տեղակայված էր Արևելյան Միջերկրական ծովի ափին և շատ դեպքերում մոտենում էր թուրքական նավատորմին: Մեր բոլոր զինված ուժերը՝ սկսած ռազմական ինքնաթիռներից մինչև սահմանապահ զորքեր, պատրաստ էին ցանկացած զարգացման»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նա նշել է նաև, որ իրենք փոփոխություններ են կատարելու ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրում: Ըստ Պանագիոտոպուլոսի՝ Հունաստանը քննարկում է համագործակցության ընդլայնման և պայմանագրի երկարացման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները և շուտով դրա վերաբերյալ նոր որոշումներ կկայացնի: