ԱՄՆ-ը կարող է պղնձի մաքսատուրքեր մտցնել առաջի...

Ամերիկյան իշխանությունները կարող են մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ պղնձի մատակարարումների համար առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առեւտրի նախարար Հովարդ Լատնիկին հանձնարարել էր դիտարկել մետաղի համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ Ենթադրվում էր, որ առեւտրի նախարարության ղեկավարը 270 օրից ամերիկյան վարչակազմի ղեկավարին հաշվետվություն կներկայացնի ստուգման արդյունքների մասին։ Սակայն, ըստ աղբյուրների, նման զեկույցը «ուղղակի ձեւականություն» է՝ մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի բազմակի հայտարարություններից հետո։ Թրամփը սպառնացել է մինչեւ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներկրվող պղնձի վրա, ինչը կարող է «ցնցել համաշխարհային շուկան» աշխարհի ամենապահանջված մետաղներից մեկի հետ կապված, հայտնել է Bloomberg-ը: Նյու Յորքում վաճառվող պղնձի գինն արդեն զգալիորեն բարձր է, քան մյուս միջազգային բորսաներում։ Նյու Յորքում եւ Լոնդոնում պղնձի գնման միջեւ գների տարբերությունն այս շաբաթ հասել է պատմական առավելագույնին` մեկ տոննայի դիմաց գերազանցելով 1,4 հազար դոլարը:Մետաղի արժեքի մեծ տարբերությունը դրդել է առեւտրականներին եւ դիլերներին ավելի մեծ շահույթ ստանալու համար պղինձ ուղարկել Միացյալ Նահանգներ: Այս քայլերը սպառել են մատակարարումներն այլ շուկաներում, այդ թվում՝ Չինաստանում, որն ապրանքի ամենամեծ սպառողն է աշխարհում: Պղնձի առեւտրային Trafigura ընկերության կանխատեսումների համաձայն՝ մետաղի գինը մինչեւ տարեվերջ կարող է ներկա 10 հազար դոլարից աճել մինչեւ 12 հազար դոլարի մեկ տոննայի դիմաց։