ԱՄՆ Սենատում ներկայացվել է բանաձեւ Թրամփի նոր...

Ամերիկացի սենատոր Ռոն Ուայդենը (դեմոկրատ Օրեգոնի նահանգից) բանաձեւ է ներկայացրել Թրամփի վարչակազմի կողմից վերջերս սահմանված մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ:«Այսօր ես ներկայացնում եմ նոր երկկուսակցական արտոնյալ բանաձեւ՝ գլոբալ վերջին մաքսատուրքերին վերջ դնելու ուղղությամբ, որոնք վնասում են ամերիկյան ընտանիքներին եւ փոքր բիզնեսին»,- ասել է Ուայդենը ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում նախաձեռնությունը ներկայացնելիս։ Սենատորն օգտվել է «արտոնյալ բանաձեւի» իրավունքից, ինչը նրա առաջարկը դարձնում է օրենսդիրների առաջնահերթություն եւ պահանջում է քվեարկություն առաջիկա երկու օրվա ընթացքում։ Ուայդենն ասել է, որ Կոնգրեսը «պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի նախագահին պատասխանատվության ենթարկի առեւտրի հարցերում»: Թեեւ Ուայդենը պնդում էր, որ իր բանաձեւը որոշակի աջակցություն է ստացել Սենատի հանրապետականների կողմից, Bloomberg գործակալությունը նշել է, որ սենատորի առաջարկը, հավանաբար, կբախվի Ներկայացուցիչների պալատում Թրամփի կուսակիցների հակազդեցությանը, եւ նախագահն ինքը կարող է վետո դնել դրա վրա: Ավելի վաղ ԱՄՆ սենատորներն աջակցել էին Կանադայից ներմուծման 25 տոկոս մաքսատուրքերը չեղարկելու համանման բանաձեւին, սակայն այն դեռ չի հաստատվել Կոնգրեսի ստորին պալատի կողմից, եւ Թրամփը կարող է օգտագործել իր վետոյի իրավունքն այս նախաձեռնության հանդեպ։