ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը սառը ցնց...

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը թեեւ Նիկոլ Փաշինյանը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ, սակայն իրականում այն որեւէ կերպ չի կարելի համարել այդպիսին։ Այս առումով պատահական չէր նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որը ըստ ամենայնի սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ հստակ արձանագրվեց, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում տեղի չի ունեցել։

Այն, իրականում Փաշինյանի հրաժարականը պահանջողների շղթայի հերթական օղակն էր, շղթա, որում առկա են գիտնականները, բարձրաստիճան կրոնավորությունը, բուհերը, պաշտոնաթող ուժայինները, պառլամենտական եւ արտապառլամենտական ընդդիմությունը, բազմաթիվ հայկական կառույցներ՝ Հայաստանում եւ Սփյուռքում։ Ըստ էության, գործող վարչակարգի համար մնացել է միայն երկու հենարան՝ իշխանական պառլամենտական խմբակցությունը եւ ոստիկանությունը, ինչպես նաեւ սոցիալապես ցածր ապահովվածություն ունեցող այն հասարակական շերտը, որին կերակրում են նախկին իշխանությունների հանդեպ ատելությամբ եւ այդ կերպ վերածում տիկնիկների ու կառավարում։

Իրականում ԳՇ հայտարարությունը նաեւ մեծ հաշվով վերաբերմունքն էր այն ամենի, ինչը կատարվել է Հայաստանում վերջին 2-3 տարվա ընթացքում, եւ ինչը երկիրը հասցրել է կործանման եզրին, ու կործանման պրոցեսը դեռ ընթացքի մեջ է, քանի որ հասկանալի է, որ Փաշինյանը այսօրվա իր ցույցով հնարավոր է բախումներ հրահրի։ Մեծ հաշվով դա նրա համար նոր բան չի լինի․ ի վերջո 2008-ի մարտի մեկի կազմակերպիչներից մեկն է ու նաեւ նա է պատասխանատու մարտի 1-ի 10 զոհերի համար։ Բացի այդ, երեք տարի մոտավորապես նա ատելություն է կուտակել իր կողմնակիցների մեջ իր խոսքով եւ գործով եւ մի օր այդ կուտակցված ատելությունը պարպվելու է, լիցքաթափում լինելու է։

Այս հսկայական բեռան տակ, մի հարց կա, որ այսօր իրապես արդիական է՝ իսկ ինչու չի հրաժարական տալիս Փաշինյանը։ Նախ, որովհետեւ իրականացել է իր կյանքի վաղեմի երազանքը՝ իշխանություն է ստացել։ Երկրորդ, որովհետեւ վախենում է արածների համար քրեական պատասխանատվությունից, եւ երրորդ՝ ունի հստակ հանձնառություններ արտաքին ուժերի առաջ, որոնք պետք է դեռ կատարի՝ ի վնաս Հայաստանի ազգային շահերի եւ Հայ ժողովրդի։