
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կխոչընդոտի ՀԱՄԱՍ-ին որևէ դեր խաղալ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։
«Մենք ՀԱՄԱՍ-ին թույլ չենք տա դա անել, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ, բայց մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Մերձավոր Արևելքում», - լրագրողների հետ հարցուպատասխանի տեսանյութն է տարածել LiveNOW from Fox-ը։
«Այդ օրվա, այդ հատուկ օրվա՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային։ Դրանք երբեք տեղի չէին ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց մենք կդադարեցնենք այս իրավիճակը», - ասել է ԱՄՆ առաջնորդը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։ Հարձակման հետևանքով շուրջ 1200 մարդ է զոհվել, 250 մարդ՝ գերեվարվել։
Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատել բոլոր պատանդներին։ Գազայի հատվածում մարտերի ընթացքում մինչև այժմ զոհվել է ավելի քան 51 200 պաղեստինցի, վիրավորվել՝ մոտ 117 000-ը։