ԱՄՆ-ն 37 ավիահարված է հասցրել Եմենի տարբեր շր...

ԱՄՆ-ն սաստկացրել է իր հարձակումները՝ թիրախավորելով Եմենի տարբեր շրջաններում հութիներին պատկանող տարածքները։ Մարտի 28-ի գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն յոթ մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Masirah TV-ն։

ԱՄՆ 37 ավիահարվածները թիրախավորել են մայրաքաղաք Սանայի, ինչպես նաև Սաադայի, Հոդեյդայի, ալ-Ջաուֆի, Ամրանի և Մարիբի նահանգները։ 

ԱՄՆ-ն երկու ավիահարվածներով թիրախավորել է Սանայի միջազգային օդանավակայանը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան ավիահարվածը թիրախավորել է մայրաքաղաքի կենտրոնում հութիներին պատկանող տարածքը՝ վնաս պատճառելով բնակելի տներին և խանութներին։

Եվս 19 ավիահարվածների թիրախ են դարձել Եմենի հյուսիսում գտնվող Ամրան նահանգի մի քանի շրջաններ:

Այս համատեքստում Սպիտակ տունը հայտարարել է, որ հարվածները հութիների դեմ շարունակվում են, իսկ իրականացված գործողությունը եղել է համապարփակ և լիովին հաջողված։

Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «խոշոր հարձակում» իրականացնել Եմենում հութիների խմբավորման դեմ։

Իր հերթին հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել էր, որ Թրամփի սպառնալիքը «չի խանգարի իրենց շարունակել աջակցությունը Գազային», և սպառնացել էր թիրախավորել ամերիկյան և իսրայելական նավերը Կարմիր ծովում։