ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր...

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա այս շաբաթ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

Նրա խոսքով, Կիևը ծրագրում է առաջիկա օրերին բանակցողների խումբ ուղարկել Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։

«Ուկրաինան այս շաբաթ պատվիրակություն կուղարկի Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու համար: Մենք ձգտում ենք համաձայնության գալ նախագծերի, իրավական դաշտի և երկարաժամկետ ներդրումների մեխանիզմների ընտրության հարցում», - գրել է Սվիրիդենկոն:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Կիևում անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուկրաինական կողմին առաջարկել է հանքարդյունաբերության վերաբերյալ ընդլայնված համաձայնագիր։ Գործակալության զրուցակիցներից մեկը հավելել է, որ շաբաթվա սկզբին ուկրաինական պատվիրակությունը կժամանի ԱՄՆ՝ ընդերքի հետ կապված հարցեր քննարկելու համար։