Ալիևը թքած ունի Լավրովի հայտարարության վրա

Օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակի մասին և պնդել էր, որ որևէ մեկը չի փորձի ՀԱՊԿ կայունությունը․ «Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել էր Լավրովը։

Սա իհարկե ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի նկատմամբ հնարավոր ագրեսիվ գործողությունների մասին էր, բայց ինչպես գիտեք Հայաստանն էլ ՀԱՊկ անդամ պետություն է։ Ավելին, եթե Տաջիկստանի մասով միայն մտահոգություններ են առկա, ապա Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ են իրականացվում ՀԱՊԿ ոչ անդամ պետության, այս դեպքում Ադրբեջանի կողմից։

Այս ընթացքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Հայաստանը տվել է ավելի քան 7 զոհ, մեկ տասնյակի հասնող վիրավորներ, թիրախավորվում են խաղաղ բնակավայրեր և Հայաստանի օդում են հայտնվում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր։ Սա, ըստ էության, մինի պատերազմ է, որը վարում է Ադրբեջանը Հայաստանի դեմ։

Այս ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է լռություն, իսկ լավագույն դեպքում երկու կողմերին ուղղված չեզոք հայտարարություներով է հանդես գալիս։ 

Լավրովի նման հայտարարությունից հետո Ադրբեջանի գործողությունները առնվազն ցույց են տալիս, որ Ալիևը թքած ունի ՌԴ ԱԳ նախարարի կողմից հնչեցված սպառնալիքի վրա։ Ու հիմա օբյեկտիվորեն հարց է առաջանում, թե առնվազն Հայաստանի մասով, ո՞ւմ է պետք  ՀԱՊԿ-ը։ Այս կառույցն, ըստ էության, մեզ համար ենթադրում է միայն պարտավորություններ, առանց որևէ իրավունքի։