Ալիևը փաստեց, որ հոգեկան հիվանդ է

Բաքվում երեկ բացեց այսպես կոչված «ռազմական ավարի պուրակը»։ Սա թանգարանի նման մի բան է, որտեղ Ադրբեջանը ներկայացնում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում հայկական բանակից գրավված ռազմական ավարը, զենք զինամթերքը եւ այլն։ Ցուցադրություններում ամեն գնով փորձ է արված հայկական կողմին ներկայացնել ստորացվածի դերում, նույնիսկ հայ զինվորականների մոմե արձանները հիշեցնում են նախամարդ նեանդերթալցիներ։

Պուրակի բացումը եւ ընդհանրապես պուրակի գոյության փաստը սուր քննադատության արժանացավ մի շարք համաշխարհային առաջատար լրատվամիջոցների լրագրողների, միջազգային կազմակերպությունների եւ իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների կողմից։ Փաստվեց, որ առնվազն  հիվանդ հոգեկան աշխարհ ունեցող մարդը կարող է նման պուրակ-թանգարան կառուցել եւ հպարտանալ դրանով։ Իլհամ Ալիեւին համեմատեցին Սադամ Հուսեյնի եւ Ադոլֆ Հիտլերի հետ։

Ըստ էության բացվում է լավ հնարավորություն միջազգային դիվանագիտական քաղաքական ճնշում գործադրելու համար Բաքվի վրա, սակայն մեծ հարց է, թե արդյոք Երեւանը կկարողանա այս առիթը ճիշտ օգտագործել։ Հայաստանի գործող իշխանությունների պարագայում, որի ղեկավարը Իլհամ Ալիեւին ոչ վաղ անցյալում համարում էր «կիրթ» եւ «կառուցողական», դժվար թե։ Մինչդեռ իրականում երեկվա քայլով Իլհամ Ալիեւը ապացուցեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, եւ Ադրբեջանն է, որ հայատյացության միջնաբերդ է դարձել եւ ոչ թե Հայաստանում ադրբեջանատյացություն է քարոզվում։

Զարմանալի է նաեւ այն պրիմիտիվությունը, որով Ադրբեջանի նախագահը փորձում է ձերբազատվել ու իր ժողովրդին կամ գոնե իր կլանին ձերբազատել պարտվածի հոգեբանական բարդույթից։ Ծիծաղելիության աստիճան է պրիմիտիվ Բաքվի մտածելակերպը։ Ռոբերտ Քոչարյանն ի դեպ, Վլադիմիր Պոզների հետ զրույցում բավական տեղին դիտարկում արեց, թե երբ հնարավոր չէ կայուն եւ տեւական խաղաղությունը։ Այն ինչ անում է Ադրբեջանը հիմա, երբեք չի կարող տեւական ու կայուն խաղաղություն լինել, կամ երբեք Ղարաբաղի հարցը կարգավորված չպետք է համարվի, քանի դեռ միջազգայնորեն Ղարաբաղը առանձնացված չէ Ադրբեջանից։ Գուցե եւ ճիշտ է հայտնի «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառությունը, որովհետեւ կրկին Ռոբերտ Քոչարյանին մեջբերելով, հայերը եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են։