Ալիևը չպահեց Պուտինին տված խոստումը․ Ռուսաստա...

Երեկ օրվա ընթացքում ռուսական «Ռիա» գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Ստեփանակերտում անդորր է հաստատվել տեղի ունեցած Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցից հետո։ 

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը կայացել էր ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով։ Հեռախոսազրույցից հետո Ալիեւը հայտարարեց, որ միջնորդները պետք է լինեն պատասխանատու եւ չեզոք, ընդ որում, ռուսական կողմի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ պատասխանատու է եւ հարցեր ու վերապահումներ չի առաջացնում։

Ռուսական գործակալության տարածած տեղեկատվության մի քանի ժամը դեռ չէր լրացել, երբ ադրբեջանական կողմը սկսեց ռմբակոծել Արցախի մի շարք քաղաքներ, այդ թվում Շուշին և Ստեփանակերտը։

Եթե իրականում Պուտինի և Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ռազմական գործողությունները դադարեցնելու կամ քաղաքաները չթիրախավորելու պայմանավորվածություն է եղել, ապա ադրբեջանական կողմի քայլերը Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից պետք է համարժեք դիվանագիտական պատասխանի արժանանան։

Հակառակ պարագայում կստացվի, որ հայկական կողմը կարող է կասկածով վերաբերվել բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք կբերվեն ադրբեջանական կողմի հետ ռուսական կողմի հովանու ներքո։ Սա Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է։ ՌԴ իշխանությունները պետք է ստիպեն Ադրբեջանի իշխանություններին առնվազն դադարեցնել թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։ Ու երբ Ալիևը իրականում պահի ռուսական կողմին տված իր խոստումը, ապա կմեծանա նաև Ռուսաստանի որպես խաղարարար պետության դերը։