Ալիևը ցանկանում է հայ գերիներին քայլեցնել Բաք...

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաղթական զորահանդես է կազմակերպելու, որտեղ ցուցադրվելու են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական ուժերից առգրավված զինտեխնիկան։ Օրեր առաջ ադրբեջանական մամուլում եւ սոցկայքային տիրույթում հայտնվեցին կադրեր այն մասին, թե ինչպես այդ զինտեխնիկան տեղափոխվում էր Բաքու։

Կան տեղեկություններ, որ Ադրբեջանը այդ զորահանդեսի ժամանակ ցուցադրելու է նաեւ հայ ռազմագերիներին, ռազմավարի ցուցադրության հետ մեկտեղ։ Սա կարելի է համարել բավականին տրամաբանված, եթե հաշվի առնենք, որ եռակողմ հայտնի Հայտարարության այն դրույթները, որոնք վերաբերվում են տարածքների հանձնմանը շատ արագ իրականացվում են, իսկ գերիների փոխանակության մասին դրույթը տեղից չի շարժվում։ Ամենայն հավանականությամբ Ալիեւը ձգձգում է այս հարցը, որպեսզի իր «խրախճանքին» մասնակից դարձնի նաեւ մեր ռազմագերիներին։

Հասկանալի է, որ առաջիկայում Ադրբեջանում սպասվելիք ընտրությունների ֆոնին Ալիեւը ամեն ինչ անում է, որպեսզի կերակրի իր հասարակությանը հաղթանակի «պտուղներով» եւ պահի հաղթանակի էյֆորիայի մեջ։ Սակայն մեզ համար առավել կարեւոր է, որպեսզի մեր ռազմագերիները նման նվաստացուցիչ միջոցառման հանկարծ չմասնակցեն եւ եթե Հայաստանի իշխանությունները չկարողացան հասնել դրան, որ մեր ռազմագերիները Ալիեւի ձեռքին քարոզչական գործիք չդառնան, այն էլ նման ստորացնող կերպով, ապա նախ իրենց վիճակն են ավելի ծանրացնում, որովհետեւ կարելի է պատկերացնել այն ռազմագերու ծնողի ապրումները, ով իր որդուն տեսնում է նման նվաստացուցիչ միջոցառմանը եւ հետո, սա լինելու է պատերազմի դաշտից ավելի ծանր պարտություն արդեն հոգեբանորեն եւ բացի այդ, վերջնականապես է բարոյապես ու մարդկայնորեն ոչնչացնելու Փաշինյանին եւ նրա թիմին։