Ալիևի «ոսկերչական» հաշվարկը

Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած ագրեսիան, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ եւ տեղի ազդեցիկ քաղաքական եւ ռազմական գործիչների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյանի եւ Լեւոն Մնացականյանի գերեվարմամբ, ինչպես նաեւ՝ Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանից Արցախի լուծարման մասին հրամնագրի կորզմամբ, ըստ էության հանդիսանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Արցախի հարցը «փակելու» օպերացիայի վերջին հանգրվանը։ Ընդ որում, կարող է տպավորություն ստեղծվել, որ օրինակ Արցախի ռազմական եւ քաղաքական ազդեցիկ գործիչների գերեվարումը կարող էր սոսկ վրեժխնդրություն լինել։ Սակայն իրականում Ալիեւը, որ այս ամենը թերեւս տարիներ շարունակ էր պլանավորել ու հաշվարկել յուրաքանչյուր քայլը «հղկելով» ոսկերչական ճշգրտության աստիճանի, ավելի խորամուխ հաշվարկ է կատարել։

Մեծ հաշվով իր համար ոչ մի արժեք չունեցող Արցախի ազդեցիկ քաղաքական եւ ռազմական գործիչներին Բաքվի բանտում որպես գերի պահելը, այլ նպատակ չունի, քան Հայաստանի եւ արցախահայության վրա ներազդելու գործիք օգտագործելը (ի դեպ, պատմությունից բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ պատերազմում հաղթող կողմը պարտված կողմի էլիտաներից պատանդներ է վերցնում, որպես պարտված կողմի հնազանդության գրավական)։ Ընդ որում, այստեղ պետք է հստակեցում կատարել եւ դա շատ կարեւոր հստակեցում է, Ալիեւի խնդիրը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ ընդդիմադիր կամ ոչ իշխանական հատվածը։ Հայաստանի իշխանությունների հետ Ալիեւն ունի պայմանավորվածություններ եւ խնդիրները, կարելի է ասել, լուծված են։ Բաքվում գտնվող պատանդներով Ալիևը փորձում է հետ պահել ոչ իշխանական դաշտին կտրուկ քայլերից, իսկ Արցախի Հայաստան տեղափոխված իշխանություններին պետության լուծարման հրամանագիրը չեղարկելու հավանական մտադրությունից։

Կարելի է ասել, որ հաշվարկը բավական ճիշտ է արված եւ երկու ամիս Հայաստանում գտնվող Արցախի ղեկավարությունը, ինչպես նաեւ այնտեղի շատ գործիչներ, ազդեցիկ դեմքեր զարմանալի «խելոքություն» են ցուցաբերում եւ դիպվածային կամ դրվագային հայտարարություններից այն կողմ, որեւէ քայլ չեն ձեռնարկում, առավել եւս՝ համակարգված ոչ մի բանի ձեռնամուխ չեն լինում։ Ալիեւի համար առաջնայինը թերեւս այն է, որ Արցախի լուծարման մասին հրամանագիրը հունվարի մեկով մտնի ուժի մեջ։ Այսինքն՝ նույնիսկ չճանաչվածության պարագայում, արցախյան պետականության լուծարման այսպես ասենք ՝ իրավափաստաթղթային ապացույցը պետք է դառնա գործող, որպեսզի Ալիեւը գիշերը հանգիստ քնի։ Ու պատահական չէ, որ որոշ տեղեկությունների համաձայն, նա արդեն նշված գերեվարված գործիչների միջոցով «մեսիջներ» է հղել հայաստանյան քաղաքական դաշտին, որ եթե կտրուկ գործողություններ չլինեն, ապա հունվարին նրանք ազատ կարձակվեն։

Այս իրավիճակը իրական փորձաքար է առաջին հերթին հենց Հայաստանի ընդդիմության, Արցախի իշխանությունների համար։ Նրանք Փաշինյանի մեղադրում են Ալիևի պարտադրանքին ենթարկվելու մեջ, դա համարում են դավաճանություն և հիմա իրենք են երկընտրանքի առաջ կանգնած՝ փորձել Արցախի մասով խառնել Ալիևի պլանները գոնե քաղաքական հայտարարությունների ու գործողությունների մակարդակում, կամ ենթարկվել ալիևյան շանտաժին ու հանուն հինգ-վեց մտերիմների հրաժարվել ամենից։  Երկրորդ տարբերակի դեպքում ընդդիմությանը գործը Փաշինյանին քնանդատելու հարցում առավել կդժվարանա, եթե չասենք կդառնա անհնարին։