Ալիեւ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնա...

Հանդիպումը շատ կարեւոր էր տարածաշրջանի հետագա կայուն եւ անվտանգ զարգացումն ապահովելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը՝ հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո:

Նրա խոսքով՝ հանդիպումը խոսում է կողմերի արդյունքի հանդեպ տրամադրվածության, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած գործողությունների տակ գիծ գծելու պատրաստակամության մասին: Այսօրվա հայտարարությունը, շարունակել է Ալիեւը, խոսում է մտադրությունների մասին: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ նախորդ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն է: «Սա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիկա հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաեւ ամրապնդել անվտանգությունը: Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ մեր հարեւան ժողովուրդների շահերին: Համոզված եմ, որ հարեւան երկրները նույնպես ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային միջանցքների ստեղծմանը եւ տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծմանը մեր տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք գտնել գործունեության այն ոլորտները, որոնք արագ արդյունք կտան եւ ուղղված են արդյունքների»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ընդհանուր առմամբ, Ալիեւի գնահատմամբ, նոյեմբերի 9-10-ի նախորդ հայտարարությունը հաջողությամբ իրականացվում է, կետերի մեծ մասը կատարված են: «Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն արդյունավետորեն կատարում է իր գործը եւ երկու ամսվա ընթացքում, բացառությամբ փոքր միջադեպերի, անհանգստության լուրջ առիթ չի եղել: Այս ամենը վստահություն է ներշնչում, որ, ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին, ինչպես միասին ապրել հարեւանությամբ, ինչպես ձգտել նրան, որպեսզի հասնենք տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը եւ հետագայում ամրապնդենք տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- ասել է նա: