Ալեն Սիմոնյանը բացահայտեց իշխանությունների գա...

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ բացառում է, որ լինի մի այնպիսի իրավիճակ, երբ ՍԴ նախագահ կրկին ընտրվի Հրայր Թովմասյանը։ Իհարկե Ալեն Սիմոնյանը դա բացատրել է զուտ քաղաքական ենթատեքստով, մեջտեղ բերելով այն, որ իբրեւ թե ՍԴ ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանն է, ճգնաժամ, որը շատ ավելի քաղաքական է եւ հորինովի, քան իրական։ Ինչպես գիտենք, ՍԴ նախագահ ընտրում են ՍԴ դատավորները։ Այս համատեքստում չափազանց հետաքրքրական է այն, որ օրենսդիր մարմնի նախագահի տեղակալը գիտի, թե ում են ընտրելու ՍԴ նախագահ, երբ ընտրությունը դեռ չի կայացել։

Այստեղ հարց է առաջանում․ արդյոք Ալեն Սիմոնյանը իր այս հայտարարությամբ չի ստվերում ՍԴ նախագահի ապագա ընտրությունների լեգիտիմությունը, անկախությունն ու ազատությունը։ Ի վերջո, ինը դատավորները ընտրելու են նախագահ եւ ընտրելու են իրենց խղճի մտոք, այսինքն, այս պահին դեռ ոչ մեկը չգիտի, թե դատավորներից ով ում է տալու քվեն, երբ դեռ առաջադրումներ իսկ չկան։ Սա կարող է նշանակել, որ Ալեն Սիմոնյանը ցուցում է տալիս, թե ում չընտրել, այդ կերպ բռնանալով ՍԴ դատավորների ազատ կամարտահայտմանը եւ խղճի մտոք ընտրություն կատարելուն։

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունն իրականում հարվածում է ընտրությանը դեռ ընտրությունը չկայացած, քանի որ Հրայր Թովմասյանի՝ վերջին ամիսներին անցած «դժոխքի ճանապարհը» աչքի առաջ ունենալով, սեփական շահերից ելնելով, եւ ավելորդ գլխացավանքից խուսափելով, նրանք պարզապես զերծ կմնան ինքնուրույն քայլ անելուց եւ կհետեւեն «Նիկոլի սրտի ավելցուկից» խոսող Ալեն Սիմոնյանի հրահանգին։

Ու հիմա հասկանալի է, թե ինչ պլան ունեին իշխանությունները, երբ ՍԴ դատավորներ դարեցին երեք հոգու ում նկատմմաբ բացարձակապես չկա վստահություն, ավելին երեքի վերաբերյալ էլ շրջանառվում են մութ պատմություններ՝ կոռուպցիայից մինչև կաշառակերություն։ Իշխանությունները այս կերպ ՍԴ են գործուղում լիովին ենթակա անձանց, որոնց հրահանգը Ալեն Սիմոնյանն արդեն տվել է։ Նրանք գիտեն, որ Հրայր Թովմասնայնին ընտրելը արգելվում է ու նման քայի գնալու դեպքում կպատժվեն իշխանությունների կողմից։