Ադրբեջանը բացվեց, որպեսզի տնտեսական պատկերի օ...

Ադրբեջանում շարունակվում են կարանտինային ռեժիմի մեղմացումները։ Արդեն բաց են ռեստորաններն ու սրճարանները, ընդ որում՝ ոչ միայն բացօթյա սրահներում, այլ նաեւ՝ փակ տարածքներում։ Սակայն կան նաեւ նոր սահմանված կանոններ․ սեղանների միջեւ պետք է պահպանված լինի սոցիալական հեռավորության համար անհրաժեշտ տարածությունը։ Չնայած վարակակիրների թիվը շարունակում է կայուն ավելանալ, եւ մասնագետները ահազանգում են, որ երկրորդ ալիքն է կորոնավիրուսային հիվանդության բռնկման, սակայն ադրբեջանական իշխանությունները թույլատրել են նաեւ Բաքվի մետրոպոլիտենի գործունեությունը՝ երկուշաբթիից-ուրբաթ։ Հասարակությունն այս քայլը դրական է արձագանքել, սակայն դեռ պարզ չէ, թե քանի շաբաթ կաշխատի մետրոն։ Մասնագետները սակայն նշում են, որ Ադրբեջանում առկա է ավելորդ լավատեսություն, քանի որ Եվրոպայի առանձին երկրներում աստիճանաբար խստացնում են կարանտինային պայմանները, քանի որ սկսվում է բռնկման երկրորդ ալիքը։ Անհանգստացնողը այն է, որ եղանակային պայմանները արդեն փոխվում են, սկսվելու են շուտով աշնանային սեզոնին հատուկ ցրտերը եւ դա ազգում է նաեւ մարդկանց իմունիտետի վրա։ Համաճարակաբանները կարծում են, որ Ադրբեջանում երկրորդ ալիքի ազդեցությունը կորոնավիրուսի բռնկման, զգալի կլինի եղանակային փոփոխությունների հետ, քանի որ այդ ընթացքում նաեւ սեզոնային ռեսպիրատորային հիվանդությունների բռնկման շրջանն է սկսվելու։ Առողջապահության ոլորտի մասնագետները իհարկե, դեռ կպահանջեն կարանտինային խստացումներ, սակայն բժիշկների պահանջը մի բան է, իսկ ահա տնտեսական հնարավորությունները նման խստացումներ կատարելու՝ լրիվ այլ։ Ադրբեջանը մեղմացումների գնաց, որպեսզի տնտեսական պատկերի օրըստօրե խտացող մռայլությունը մի փոքր մեղմվի։ Հարց է, կկարողանա արդյոք նոր խստացումներին դիմակայել տնտեսական առումով։