Ադրբեջանում վստահ են, որ իրենց հաղթանակը գողա...

Մինչ Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Ադրբեջանում իրադարձությունները բավական հետաքրքիր հունով են զարգանում։ Նախ, ուսումնասիրելով ադրբեջանական մամուլի եւ սոցկայքային հարթակների բովանդակությունը, կարող են արձանագրել, որ այստեղ հիմնականում երկու տրամադրություն կա․ իշխող կլանը եւ էլիտան դեռ շարունակում են գտնվել հաղթանակի էյֆորիայի մեջ։

Այս առումով հրապարակումները երբեմն նույնիսկ զավեշտի սահմանն են հատում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Բաքվի պետական քարոզչամեքենան Իլհամ Ալիեւից ցանկանում է կերտել ոչ պակաս, քան Ալեքսանդր Մակեդոնացու կերպար։ Նախօրեին էլ, երբ Ալիեւը կնոջ հետ այցելեց Ադրբեջանին անցած ղարաբաղյան տարածքներ, Բաքվի պետական քարոզչամեքենան հենց այդ ֆոնով փորձեց ներկայացնել իրավիճակը։ Այդ տրամադրությունները հիմնականում ներքին լսարանին կերակրելու համար են։ Սակայն չենք կարող նաեւ չարձանագրել, որ Ադրբեջանը սկսել է իրեն անցած տարածքների այսպես ասած յուրացումը։

Բացի այդ, նախօրեին օրինակ, Շուշիում բացվեց Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության շրջանային վարչության նոր վարչական շենքը։ Տրամադրություններն այլ են ադրբեջանական քաղաքական ընդդիմությունում։ Այստեղ այն կարծիքին են, որ իրենց հաղթանակը գողացվել է, եւ իրականում հաղթել են ռուսները․ ոչ հայերը եւ ոչ էլ ադրբեջանցիները։ Ընդդիմությունը բավական շատ յուղ է լցնում, պատկերավոր ասած՝ հակառուսականության կրակին։ Սա հետաքրքիր է, որովհետեւ ադրբեջանական իրականությունն այնպիսին է, որ քաղաքական ընդդիմություն որպես այդպիսին, ինքնուրույն կերպով գոյություն չունի։

Ստացվում է, որ ինչ որ առումով, այդ տրամադրությունները օրակարգ են բարձրացվում եւ տարածվում իշխանությունների թույլտվությամբ։ Իհարկե, հաշվի առնելով, որ հաջորդ տարին Ադրբեջանի համար կարծես թե ընտրական ակտիվ տարի է լինելու, հնարավոր է, որ այդ տրամադրությունները լինեն կլանային պայքարի տրամաբանության շրջանակներում հրահրված։ Հնարավոր է նաեւ, որ հակառուսականություն տարածողները ընդգծված թուրքամետներն են, քանի որ հասկանալի է, որ ներկայումս Ադրբեջանում գերազանցության հասնելու համար ընթանում է ռուս-թուրքական մրցակցություն։