Ադրբեջանում գտնվող մեր գերիներն ու դիակները «...

Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրապարակային փորձում են տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների և քաղաքացիների հարցը իրենց օրակարգային խնդիրն է, իրականում իրենց գործողությունները ակնհայտ են դարձնում, որ իրենք անգամ գերիների, անհետ կորածների հարցը փորձում են ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին։ 

Օրեր շարունակ իշխանական քարոզիչներն ու ֆեյքերը տեղեկատվական արշավ էին սկսել, ըստ որի Հայաստանում պետք է քաղաքական կյանքը կանգ առնի, քանի դեռ գերիների և անհետ կորածների հարցը չի լուծվել։ Նոյեմբերի 27-ից իշխանություներն արդեն ուղիղ իրենց դեմքով սկսեցին շրջանառել այս քարոզչական թեզը։ Դավիթ Սանասարյանն այդ օրը գրել էր․ «խնդրում եմ բոլորիդ, նույնիսկ իմ կողմից չընդունված կերպարներին. գերիների և նահատակների վերադարձի հարցով եկեք կոնսենսուս ունենանք, ինչը ենթադրում է քննադատությունը մի կողմ թողնել, միասին հասկանալ ու անել ամեն ինչ, որ տղաներին հետ բերենք»։

Օրեր անց այս թեզը կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Պետք է ատամ-ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարեւոր խնդիրը գերիների, անհետ կորածների եւ հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի:

Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Նա տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսեւորումները արդեն եղել են:
Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի»,-գրել էր Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:
Այսպիսով ակնհայտ դարձավ իշխանությունների քարոզչության ամբողջ նպատակը՝ նրանք գերիների և անհետ կորածների հազարավոր ծնողների կոչ են անում դուրս չգալ փողոց, չբողոքել, ավելին անձնական հանդիպումների ժամանակ ուղորդում են ծնողներին ընդդիամդիր գործիչների դեմ, ովքեր բողոքի ակցիաներ են իրականացնում։ ՈՒ պատահական չի եղել, որ վարչապետի մոտից դուրս գալուց հետո մի քանի ծնողներ փորձել էին կոնֆլիկտի մեջ մտնել կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ընդդիմադիր գործիչների հետ։
Այս ամենն ամբողջացնելով, գալիս ենք եզրահանգման, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվողները քաղաքական առումով «գերի» են Նիկոլ Փաշինյանին ու նրանց վերադարձի հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն այդ հանգամանքը շահարկելով կկարողանա ազդել քաղաքական գործընթացների վրա և մեկ ժամ ավել մնալ իր աթոռին։ Գերիների և անհետ կորածների ծնողները պետք է լավ իմանան, որ քանի դեռ Փաշինյանն իշխանության է՝ իրենց խնդիրը լուծում չի ստանալու, հետևաբար նրանք չպետք է վարանեն դուրս գալ փողոց և հանուն իրենց երեխաների հեռացնել գործող վարչախմբին։